Connect with us

Politics

«Թող երեխու հետևից ավել-պակաս չխոսեն․ ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանել են»․ պայթյունից զոհված զինծառայողի հարազատները բացառում են ինքնասպանության վարկածը

Սիսիանի դիրքերից մեկում պայթյունի հետևանքով զոհված պայմանագրային զինծառայող, 23-ամյա Դմիտրի Կյուրեղյանի հարազատները շարունակում են պնդել, որ իրենց որդին ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանվել է։

Դմիտրիի մայրը՝ Լիլիթ Ներսիսյանը, պատմել է, որ որդու դեմքի հատվածում վնասվածքներ ու կապտուկներ է նկատել։ Նրա խոսքով՝ քթի կապտուկը փորձել են թաքցնել կրեմով։

«Քթի վրա կապտուկ կար, դա խփած էր, կրեմով թաքցրել էին։ Իր քթի կապտուկը անհնար էր չնկատել։ Գլխի հատվածում էլ վերք կար։ Ես կուզեմ հասկանալ, թե ինչն էր պատճառը, որովհետև ես գիտեմ, որ իմ տղան չէր կարող ինքնասպանության դիմել»,- մանրամասներ է ներկայացրել Դմիտրիի մայրը՝ Լիլիթ Ներսիսյանը։

Դմիտրիի հարազատները պնդում են, որ նրա մարմնի վրա նկատված հետքերը հարցեր են առաջացնում տեղի ունեցածի վերաբերյալ և չեն ընդունում ինքնասպանության վարկածը։

Նրանք պահանջում են պարզել, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել 23-ամյա զինծառայողի մահը և բացառել ցանկացած վարկած, որը, իրենց համոզմամբ, չի համապատասխանում իրականությանը։

 Սեպտեմբերի 24-ին Սյունիքի զորամասերից մեկում պայթյունից զոհված պայմանագրային զինծառայող էր զոհվել։ Դմիտրի Կյուրեղյանը 23 տարեկան էր։ Նրա կրտսեր եղբայրը՝ Լավրենտ Կյուրեղյանը, ևս պայմանագրային զինծառայող է։ Նշենք նաև, որ բանակում խաղաղ պայմաններում այս 8 ամիսների ընթացքում արդեն 15 զինծառայող է մահացել։

Ա.Ղազարյան

Continue Reading