Politics
«ԱԺ-ն կուսակցության գրասենյակ չէ». Էդգար Ղազարյանը՝ առանց ընդդիմության արցախցիների հետ ՔՊ-ի կազմակերպած հանդիպման մասին
«Սա ուղղակի ապօրինություն է, որովհետև այն, ինչ տեղի է ունենում ԱԺ-ում, այս շենքում, այս մարմնում, պետք է իրականացվի ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, որ կառավարության անդամները և ՔՊ խմբակցությունը հանդիպում են կազմակերպել արցախցիների հետ, սակայն «Հայաստան» դաշինքին և «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը չեն հրավիրել։
«Չի կարող ԱԺ շենքում տեղի ունենալ փակ հանդիպում, օրինակ՝ ես չեմ կարող իմ երեխայի հարսանիքն այստեղ կազմակերպել, որովհետև կանոնակարգը թույլ չի տալիս։ Այսինքն՝ մասնավոր միջոցառում, կուսակցական միջոցառում ԱԺ-ում չի կարող լինել։ Դրա համար կա ռեստորան, կուսակցության գրասենյակ, տուն։ ԱԺ կանոնակարգը նախատեսում է, որ հանձնաժողովները, առանձին պատգամավորները, խմբակցությունները կարող են նախաձեռնել հարցերի քննարկում, բայց դա չպետք է լինի միայն իրենց համար, այսինքն՝ գարեջուրը միայն պրոֆմիության անդամներին չի տրվում։ Իրենց քննարկմանը կարող է մասնակցել ցանկացած այլ պատգամավոր, ինչպես նաև կարող է լուսաբանվել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների կողմից։
Օրինակ՝ խմբակցության նիստը կարող է փակ լինել, որ միայն խմբակցության անդամները մասնակցեն, բայց եթե դրան հրավիրվում են կառավարության անդամներ, քաղաքացիներ, հետո իմացա, որ նաեւ հեռարձակվում է կուսակցության սոցիալական հաշիվներով, ուրեմն դա նշանակում է, որ միջոցառումը գաղտնի չէ, կուսակցական չէ, փակ չէ։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ես ինչու իրավունք չունեմ դահլիճի ներսից լսել, հարց տալ կառավարության անդամներին կամ հրավիրված այլ անձանց, շփվել մեր քաղաքացիների հետ։ Այդ հնարավորությունից պատգամավորներն ինչու պետք է զրկված լինեն»,- ասում է ընդդիմադիր պատգամավորը։
