Politics
Ինչո՞ւ պետք է արցախահայության բնակարանային խնդիրը վարկով լուծվի. Արամ Վարդևանյանը՝ իշխանություններին
«Եկեք զերծ մնանք «թույլ չտալու» ձևակերպումից։ Այստեղ թույլ չտալու խնդիր չի կարող լինել։ Ընտրված ձևաչափը փակ ձևաչափն է։ Փակ ձևաչափի պայմաններում, եթե մենք առանձին դիմում ներկայացնենք քննարկմանը մասնակցելու վերաբերյալ, դա հնարավոր է իրականացնել։ Բայց այստեղ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է այն իրականացվում փակ ձևաչափով և ի՞նչ նպատակով։ Որքանով հասկանում եմ, նույն հաջողությամբ կարելի է ասել, որ ձեզ նույնպես թույլ չեն տալիս մասնակցել նշված քննարկմանը։ Ես կրկին կասեի՝ ոչ թե թույլ չեն տալիս, որովհետև ԶԼՄ-ների հետ հաղորդակցվելիս նման ձևակերպում օգտագործելն անհնար է։ Պարզապես այդպիսի ձևաչափ են ընտրել։ Այստեղ կարևոր է ընդգծել, որ մենք, բնականաբար, Արցախի մեր բռնի տեղահանված, էթնիկ զտման ենթարկված քույրերի և եղբայրների կողքին եղել ենք և միշտ լինելու ենք։ Այս քննարկմանը նույնպես պատրաստ էինք մասնակցել, չնայած այն հանգամանքին, որ, ըստ էության, ակնկալվում էր նաև մյուս խմբակցությունների, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագրի» մասնակցությունը։ Այնուամենայնիվ, մենք մեր պատրաստակամությունն արտահայտել ենք»,- ճեպազրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը որոշել էր մասնակցել կառավարության անդամների և արցախցիների հանդիպմանը, սակայն ՔՊ-ն, ըստ էության, թույլ չտվեց։
Նրա ձևակերպմամբ՝ այս երեք տարիների ընթացքում անասելի սոցիալ-տնտեսական դժվարությունների են բախվել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցները, և այդ խնդիրների համար առաջին պատասխանատուն և մեղավորը «Քաղաքացիական պայմանագիրն» է։ «Եթե կարծում են, որ մի քանի դրվագային, այլ ոչ թե համակարգային խնդիրների լուծմամբ կարող են իրենց վերագրել այդ ամենը, ապա սխալվում են։ Չեն կարող խուսափել այն մասշտաբային խնդիրների պատասխանատվությունից, որոնք դեռևս պահպանվում են, կամ փորձել դրանց այլ գնահատականներ տալ։ Իրենք են պատասխանատու և պետք է ինչ-որ իմաստով առերեսվեն այդ պատասխանատվությանը։ Միևնույն ժամանակ կարևոր էր, որ Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին ևս փոխանցեինք՝ մենք պատրաստ էինք մասնակցել նաև այս քննարկմանը, սակայն ընտրված կազմակերպման կարգի պայմաններում դա օբյեկտիվորեն հնարավոր չէր»,- հավելեց Վարդևանյանը։
