Politics
Դիլիջանի համայնքապետարանը հերքում է Ռուբեն Վարդանյանի ընտանիքին դատի տալու տեղեկությունը․ հայցերը ներկայացվել են վարձակալած կազմակերպությունների դեմ
«Ապրելու երկիր» կուսակցության առաջնորդ Մանե Թանդիլյանը Aravot.am-ին հայտնել է, որ Դիլիջանի համայնքապետարանը դատի է տվել Բաքվում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքին։
Մանե Թանդիլյանը, մասնավորապես, նշել է.
«Մեզ համար ակնհայտ է, որ սա ավելի շատ քաղաքական հետապնդման շարունակություն է, քանի որ նրանք ունեցել են պայմանավորվածություններ, որոնք պահպանվել են, և փորձ է արվել ժամկետներում իրականացնել բարեկարգման աշխատանքները։ Բոլորը հասկանում են, թե ինչ վիճակում են գտնվում Ռուբեն Վարդանյանն ու նրա ընտանիքի անդամները 2023 թվականից հետո։ Փոխանակ հաշվի առնելու այդ հանգամանքը, քննարկումների միջոցով ընդհանուր հայտարարի գալու տարբեր հարցերի շուրջ և հասկանալու, թե ինչու կարող էր ինչ-որ ժամկետ հետաձգվել, նրանք անտեսել են այդ ամենը և ուղղակի դատի են տվել ընտանիքին։ Ինձ համար ակնհայտ է, որ պատճառը քաղաքական հետապնդումն է, և նպատակը Ռուբեն Վարդանյանից խլելը կամ նրան ունեզրկելն է՝ զրկելով այն ներդրումներից, որոնք նա արդեն իրականացրել է»։
Ավելի վաղ էլ «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակի 1-ին համարի թեկնածու Վարդան Ավագյանը հայտարարել է, որ 2022-2023 թվականներից Դիլիջանի համայնքապետարանը, համայնքի ղեկավարին կից ներդրումների խրախուսման եւ քաղաքաշինության խորհուրդը չեն թույլատրել իրականացնել, քաղաքաշինության խորհրդի նիստի օրակարգից հանել են Ռուբեն Վարդանյանի, նրա ընտանիքի, բարեգործական հիմնադրամի կողմից Դիլիջանի լճակի հարակից տարածքի, դրան հարող Ծատուրյան փողոցի բարեկարգման, մանկական այգիների, խաղահրապարակների կառուցման ծրագիրը։ Դիլիջանի համայնքապետարանից Aravot.am-ին, անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի ընտանիքին դատի տալու մասին տեղեկություններին, պարզաբանել են. «Դիլիջանի համայնքապետարանը հարկ է համարում հստակեցնել, որ մամուլում և հանրային քննարկումներում շրջանառվող՝ Ռուբեն Վարդանյանի և նրա ընտանիքի անդամների դեմ դատական հայցեր ներկայացնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Հայցերը ներկայացվել են ոչ թե նրանց, այլ համապատասխան հողամասերը վարձակալած իրավաբանական անձանց դեմ՝ վարձակալության պայմանագրերը լուծելու պահանջով։ Դատական գործերն են՝ ԵԴ2/6603/02/25, ԵԴ2/13221/02/25, ՏԴ/0045/02/26, ՏԴ/0247/02/26, ՏԴ/0249/02/26, ՏԴ/0331/02/26 և ՎԴ6/0267/05/22։ 2021 թվականից համայնքապետարանը համագործակցել է «Ասեթ Քոնթրոլ Քամփնի», «Դիլիջան դեվելոփմենթ Քամփնի», «Իմպուլս մենեջմենթ քոմփանի» ՓԲ ընկերությունների, «Այդիա» հիմնադրամի, «Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամի և Դիլիջանի զբոսայգու, մարզադաշտի, քաղաքային լճի ու հարակից տարածքների հետ կապված կազմակերպությունների հետ։ Տարիների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ, ինչպես նաև փորձեր են արվել համատեղ ծրագրեր իրականացնելու։ Սակայն մի շարք նախաձեռնություններ չեն հասել նախատեսված արդյունքին, իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից շատերը մնացել են չիրականացված։ Մասնավորապես, 2022 թվականին Եվրոպական միության դրամաշնորհային ծրագրի շրջանակում մեկնարկել էր նախկին կարի ֆաբրիկան բազմաֆունկցիոնալ տարածքի վերածելու՝ «Դիլիջան ֆաբրիկա» նախաձեռնությունը։ Դրամաշնորհային միջոցները փոխանցվել էին համայնքապետարանին, որն էլ դրանց մի մասը փոխանցել էր գործընկեր կազմակերպությանը՝ ծրագիրն իրականացնելու նպատակով։ Սակայն ծրագիրը ձախողվել է, և համայնքապետարանը ստիպված է եղել դրամաշնորհային միջոցները վերադարձնել Եվրամիությանը։ Խնդիրներ են առաջացել նաև հանրային տարածքների բարեկարգման ծրագրերի իրականացման ընթացքում։ Էմմա Ծատուրյանի անունը կրող փողոցի բարեկարգման ներկայացված նախագծով նախատեսվում էր փողոցի սկզբնամասի ամբողջական փակում, ինչը, համայնքապետարանի գնահատմամբ, չէր համապատասխանում համայնքի գլխավոր հատակագծին և գործող քաղաքաշինական պահանջներին։ Կազմակերպությանն առաջարկվել է փոփոխել նախագիծը և ներկայացնել նոր տարբերակ, սակայն այն այդպես էլ չի ներկայացվել։ Համագործակցության ընթացքում ձեռք էին բերվել նաև աղբատար մեքենաների և աղբամանների տրամադրման, ավտոկայանի, քաղաքային լճի և հարակից տարածքների բարեկարգման վերաբերյալ պայմանավորվածություններ, որոնք նույնպես չեն իրականացվել։ Համայնքապետարանը սկզբից ի վեր նպատակ չի ունեցել ձգձգելու գործընթացները կամ դադարեցնելու համագործակցությունը։ Ընդհակառակը՝ տարիներ շարունակ փորձել է քննարկումների և համատեղ աշխատանքի միջոցով հասնել պայմանավորվածությունների իրականացմանը։ Սակայն չիրականացված ծրագրերի և կրկնվող անհաջող փորձերի հետևանքով համայնքապետարանը վերջնականապես կորցրել է տվյալ կազմակերպությունների հետ համագործակցության արդյունավետության նկատմամբ վստահությունը։ Այս պայմաններում համայնքային շահերի պաշտպանության և հողամասերը համայնքին վերադարձնելու նպատակով վարձակալության պայմանագրերը լուծելու հարցը դատարան տեղափոխելը դարձել է տարիների ընթացքում կուտակված խնդիրների տրամաբանական շարունակությունը։ Համայնքապետարանը համապատասխան կազմակերպությունների դեմ դատական հայցեր է ներկայացրել՝ հարցը օրենքով սահմանված կարգով լուծելու համար։ Դատական հայցերի ներկայացումից հետո՝ 2025 թվականին, կազմակերպությունը դիմել է Դիլիջանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհրդին՝ զբոսայգու տարածքի մի հատվածում խաղահրապարակ կառուցելու առաջարկով։ Խորհուրդը խորհրդատվական մարմին է և վերջնական որոշումներ չի կայացնում։ Հաշվի առնելով տվյալ հողամասի իրավական կարգավիճակը և դրա վերաբերյալ դատական վարույթի առկայությունը՝ խորհուրդը նախագծի վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն։ Կարևոր է ընդգծել, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ համայնքապետարանը դեմ չէ ներդրումներին, բարեգործական ծրագրերին կամ հանրային տարածքների բարեկարգմանը։ Ընդհակառակը՝ համայնքի ղեկավարի և համայնքապետարանի համար դրանք Դիլիջանի զարգացման, նոր հնարավորությունների ստեղծման և բնակիչների կյանքի որակի բարելավման կարևոր ուղղություններ են։ Սակայն ցանկացած նախաձեռնություն պետք է իրականացվի օրենքի, քաղաքաշինական պահանջների և ստանձնած պարտավորությունների պահպանմամբ։ Դիլիջանի համայնքապետարանը բաց է բոլոր իրավաչափ նախաձեռնությունների համար՝ անկախ դրանց հեղինակներից կամ ֆինանսավորման աղբյուրից։ Միևնույն ժամանակ, համայնքային սեփականության պաշտպանության հարցում չի կարող առաջնորդվել անձնական կապերով կամ բացառություններ անել որևէ կազմակերպության համար։ Մեր նպատակը հակադրությունը չէ, այլ համայնքի շահերի պաշտպանությունն ու Դիլիջանի զարգացումը՝ հստակ պայմանավորվածությունների, պատասխանատվության և իրական արդյունքների հիման վրա»։ Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
